«Էլեկտրոնային կենսաթոշակ»-ը ծրագրային ապահովման համակարգ է, որն իրականացնում է թոշակների հետ կապված պետական օրենքներով կարգավորվող բիզնես գործառույթների ավտոմատացումը: Համակարգը գործում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Մասնավորապես, համակարգի միջոցով, ի թիվս այլ գործառույթների, լուծվում են հետևյալ խնդիրները.

  • օրենքով սահմանված կարգով թոշակի նշանակումը,

  • վճարման չափի սկզբնական հաշվարկը և հետագա վերահաշվարկները,

  • թոշակի դադարեցումը և վերականգնումը,

  • վճարումների գործընթացի կազմակերպումը,

  • թոշակառուների էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը և կառավարումը:

Համակարգը ստեղծվել է 2011 թ.-ին և անցել սկզբնական փորձարկումը ՀՀ Սոցիալական Ապահովության Ծառայությունում:

Սկսած 2013 թ.-ից համակարգը ամենօրյա շահագործման մեջ է ՀՀ Սոցիալական Ապահովության Ծառայությունում՝ իր 51 տարածքային մարմիններով ՀՀ ողջ տարածքով, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Արդարադատության նախարարությունում, ՀՀ Ոստիկանությունում, սույն կիրառություններով միավորելով մեկ միասնական համակարգի մեջ մի շարք ծրագրային մասնակի լուծումներ՝ ներդրված դեռևս 2006 թ.-ից:

«Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի հիմքում դրված է օրենքների ֆորմալ ներկայացումը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր օրենք, որով կարգավորում է կենսաթոշակներին առնչվող այս կամ այն դրույթը, համակարգի ներսում ստանում է համարժեք վերաձևակերպում աբստրակտ մոդելների տեսքով: Ելնելով այս ներկայացումից, համակարգը ըստ անհրաժեշտության կարող է իրականացնել ավտոմատ որոշումներ:

Մասնավորապես, համեմատելով քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը առկա տվյալների հետ, համակարգը կարող է ավտոմատ կերպով գեներացնել տվյալ քաղաքացու կենսաթոշակի իրավունքի իրացման օրենքով կիրառելի բոլոր հնարավոր դեպքերը, այսպիսով քաղաքացուն տալով հնարավորություն ընտրելու բոլոր կիրառելի դեպքերից իր համար նախընտրելի տարբերակը:

Նման կերպով օրենքի մոդելավորումը զգալիորեն բարձրացնում է կենսաթոշակների հետ կապված բիզնես գործառույթների իրականացման արդյունավետությունը: Օրինակ, օրենսդրության հնարավոր փոփոխության դեպքում, համակարգը կարող է ավտոմատ կերպով վերլուծել փոփոխության հետևանքները՝ տալով անհրաժեշտ ֆինանսական գնահատականներ: Ավելին, օրենքի իրական փոփոխության դեպքում, համակարգը կարող է հեշտությամբ ադապտացվել նոր օրենսդրության պահանջներին:

Խնդիրների լուծման նման համընդհանուր մոտեցումը օժանդակեց ՀՀ կենսաթոշակների ոլորտը կարգավորող մեկ միասնական օրենսդրություն ստեղծմանը, ինչը եկավ փոխարինելու նախկինում գործող հատվածական և մասնավոր դեպքերը կարգավորող օրենքներին:

Համակարգի ընդլայնումը

2011 թ.-ին իրականացված սկզբնական թողարկմանը հաջորդող շրջանում համակարգը նշանակալիորեն ընդլայնվել է մի շարք ուղղություններով: Սկզբնական շրջանում «Էլեկտրոնային կենսաթոշակ»-ի միջոցով իրականացվում էին միայն քաղաքացիական կենսաթոշակներին առնչվող հիմնական գործառույթները: Հիմնվելով համակարգի կառուցվածքի ճկունության վրա, հնարավոր եղավ համակարգում ներառել նաև այլ տեսակի թոշակների գործառույթները, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների (սկսած 2015-ից) և զինվորականների: Վերջին դեպքում մասնակի լուծումները, որոնք կիրառվում էին դեռևս 2006 թ.-ից, միավորվեցին մեկ համակարգում սկսած 2018 թ.-ից:

Ենթահամակարգերը

Բացի վերը նշված հիմնական գործառույթներից, «Էլեկտրոնային կենսաթոշակ»-ը ունի մի շարք ենթահամակարգեր, որոնցով իրականացվում են սոցիալական ապահովության ոլորտի տարբեր գործառույթներ:

  • Սկսած 2016 թ.-ից գործում է նոր ենթահամակարգ՝ նախատեսված երեխաների ծննդյան նպաստների և երեխաների խնամքի արձակուրդում գտնվող մայրերին նպաստի նշանակման և վճարման իրականացման համար:

  • «Էլեկտրոնային կենսաթոշակ»-ը ունի առանձնացված ենթահամակարգ, որը գործում է առցանց ռեժիմով և հնարավորություն է ընձեռնում քաղաքացիներին ուղարկել կենսաթոշակների կամ նպաստներին առնչվող դիմումներ համակարգի համապատասխան պետական մարմիններին և ստանալ դրանց կատարման մասին հաղորդագրություններ իրենց էլեկտրոնային փոստին:

  • Համակարգի մեկ այլ գործառույթով, տարբեր գործընթացներ կազմակերպելու համար քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը թվայնացվում և պահպանվում են համակարգի տվյալների շտեմարանում՝ ձևավորելով քաղաքացու փաստաթղթերի էլեկտրոնային արխիվը:

  • Համակարգը ըստ անհրաժեշտության փոխանակում է տվյալներ այլ պետական մարմիններում գործող ծրագրային ապահովման համակարգերի հետ, այդ թվում՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և պետական կառավարման այլ ենթահամակարգերի հետ:

Արդեն երկար տարիներ «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը սպասարկում է, ոչ ուղղակիորեն, բայց ըստ էության Հայաստանի և Արցախի թոշակառուներին, անխափան կերպով ապահովելով կենսական նշանակության մի շարք գործառույթներ: Չնայած սրան, Դուք հավանաբար երբևէ չեք լսել համակարգի գոյության մասին. սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է: